Կկայանա Armenian Football Media Awards 2017-ը

2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ լրագրողների կողմից կազմակերպված փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ընտրվեցին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը եւ մարզիչը:
2017-ին Armenian Football Media Awards անունը ստացած մրցանակաբաշխությունը հանդես է գալիս նոր ձեւաչափով: Այս տարի այն նվիրված կլինի միայն հայկական ակումբային ֆուտբոլին եւ մրցանակներ կհանձնի անգամ Հայաստանի Առաջին խմբի առաջնության լավագույններին:
Մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերն են՝ «Բարձրագույն խմբի տարվա լավագույն մարզիչ», «Բարձրագույն խմբի տարվա լավագույն ֆուտբոլիստ», «Առաջին խմբի տարվա լավագույն մարզիչ» եւ «Առաջին խմբի տարվա լավագույն ֆուտբոլիստ»: Մենք ավելացրել ենք նաեւ «Տարվա լավագույն ֆուտբոլային մեկնաբան» անվանակարգը, որտեղ քվեարկել կարող է ողջ հանրությունը:
Քվեարկության ձեւաչափը.
Հայկական ակումբային ֆուտբոլը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները մի քանի օրվա ընթացքում էլ.հասցեներին ստանում են նամակներ՝ քվեարկությանը մասնակցելու հրավերով:
Քվեարկությանը կարելի է մասնակցել բացառապես այդ նամակներում նշված գաղտնաբառերի միջոցով, որոնք պետք է մուտքագրել footballmediaawards.am-ի համապատասխան էջերում:
Յուրաքանչյուր ԶԼՄ, կախված հայկական ակումբային ֆուտբոլը լուսաբանելու ակտիվությունից, ստացել է համապատասխան ձայների քանակի իրավունք՝ 1-3: Այսինքն՝ մեկ ԶԼՄ-ից կարող է քվեարկել առավելագույնը երեք ներկայացուցիչ:
Պաշտոնական կայքում կազմակերպիչը նախօրոք հրապարակում է բոլոր անվանակարգերում թեկնածուների անունները: Եթե քվեարկողի ցուցակում գրված է անուն, որը չկա ներկայացված ցուցակում, ձայնը համարվում է անվավեր:
Քվեարկության էջում ԶԼՄ ներկայացուցիչը լրացնում է անձնական տվյալները, այնուհետեւ ըստ հերթականության նշում տվյալ անվանակարգի լավագույն երեք ներկայացուցիչներին, որոնք ստանում են համապատասխանաբար 5, 3 եւ 1 միավոր:
Լավագույն եռյակը հրապարակվում է մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի անունը հայտնի է դառնում հենց մրցանակաբաշխության օրը:
Armenian Football Media Awards 2017-ը կկայանա դեկտեմբերի 28-ին՝ Yerevan Time պանդոկում: